Այս օրերին շրջանառվում է ապատեղեկատվություն այն մասին, իբրև արցախցիները․ Աննա Նիկողոսյան

Աննա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախի կանանց մասին

Այս օրերին շրջանառվում է ապատեղեկատվություն այն մասին, իբրև արցախցիներն ամեն ինչից դժգոհ են, պահանջկոտ են ու չմահավան։ Որպես մեկը, որ այս շաբաթների ընթացքում աշխատել և աշխատում է արդեն հազարից ավել արցախցի կանանց և նրանց երեխաների հետ՝ կարող եմ միանշանակորեն պնդել, որ այդ հազարից և ոչ մեկը մեր օգնությունից երբևէ չի դժգոհել։

Ավելին, մեծամասամբ իրենք են հետ զանգել ու խորին շնորհակալություն հայտնել (երբ հեռախոսով խոսողն ու ընտանիքին իրերը տանողը տարբեր մարդիկ են եղել)։

Շատերի հետ ընկերանում ենք։
Ընտանիքների մեծամասնությունը չափազանց համեստ է. մի կերպ ենք կարողանում դուրս բերել կարիքները, այցելում ենք երկրորդ, երբեմն՝ երրորդ անգամ՝ ըստ անհրաժեշտության։

Բազմաթիվ կանայք են ասել՝ ոչինչ, ավելի կարիքավորներ կան, իրենց օգնեք, կամ ամաչելով են, օրինակ, վերմակ կամ որևէ պարագա ուզել։ Շատերի մտքով անգամ չի էլ անցել, որ կարելի է ծալվող մահճակալ խնդրել, երբ գետնին կամ դոշակին են քնում։

Երեք օր առաջ մի տնակում էի, որի առաստաղը ծակ էր, երեխաները քնելու տեղ չունեին, բետոնի վրա փռված դոշակների վրա էին քնում։ Բաղնիք չկար, զուգարանը դրսում էր։ Մահճակալի կամ լեժանկայի կարիքի մասին չասացին մինչև չհարցրի։ Սուրճ հյուրասիրեցին, և այդ ժամանակ նոր հասկացա, որ նույնիսկ թեյնիկ չունեն. ջուրը դույլով էին տաքացնում վառարանի վրա։ Թեյնիկ էլ չէին ուզել։

Սա ընդամենը մի օրինակ է, կարող եմ տասնյակ այլ օրինակներ բերել։ Ի դեպ, եթե այդ ընտանիքի համար վարձով տուն գտնեք Կոտայքի մարզում, շատ կուրախանան։ 6 երեխա ունեն և լայն սիրտ։

Արցախից բերած այս մրգերն էլ այսօր Դավթաշենում ապրող մի ընտանիք է ինձ նվիրել։ Որքան փորձեցի մերժել, չստացվեց։ Վաղը կտանեմ ընկերուհիներիս։ Բոլորը հեռանալիս ասում են՝ այ որ մեր տանը լինեինք, մի լավ կհյուրասիրեինք։

Ստերին մի՛ հավատացեք։ Դուրս եկեք համացանցից և գործ արեք։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո