Երեխայի դաստիարակության վերաբերյալ Նարեկ Սարգսյանի ուշագրաավ դիտարկումները

Նարեկ  Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեխաներին դաստիարակելու հարցում հետամնաց և տգետ մարդիկ սովորաբար շատ վատ ծնող են դառնում։ Տգետների համար դաստիարակությունը ինչ-որ գործողություն է, իրենք, որ տեղով անդաստիարակ են, իրենց պարտքն են համարում սեփական երեխաներին պարբերաբար «դաստիարակել» — պարբերաբար գոռում են երեխայի վրա, պարտադրում, արգելում, ծաղրում, խաբում, մեղադրում, վախացնում, մի խոսքով հոգեբանական առումով երեխային ինչքան վնաս կա՝ տալիս են։

Եթե դու էդպիսի ծնողին ասես. «Ա՛յ… ուղղակի մարդ, մի՛ արա տենց բաներ, դրանով դու վնասում ես քո երեխային», կնեղանա, որովհետև տգետներին հատուկ է ճշմարտությունից նեղանալը։ Բայց իրենք փաստացի երեխայի հոգեբանությունը էն աստիճանի են ավերում, որ թշնամին հատուկ ուզեր, երևի չկարողանար։ (Ես այստեղ չեմ խոսում երեխաներին ծեծող ծնողների մասին, տգետներին չեմ խառնում անասունների հետ։ Վերջինների թեման քրեական ոլորտից ա)։

Հետամնաց ծնողի համար երեխան սեփականություն ա։ Ինքը պարտադրում ա, որ երեխան հարգի իրեն, բայց որ հարցնես՝ իսկ դու քո երեխային հարգում ե՞ս՝ կզարմանա էդ հարցից։ Չի հասկանա, որովհետև ո՞նց կարելի ա սեփականությանը հարգել։ Գիտեք, ես վաղուց չեմ զարմանում էդ տեսակ ծնողների վրա։ Ես զարմանում եմ ուրիշ բանի վրա։ Զարմանում եմ, թե երեխաների մեջ ծնված օրվանից բնությունը ինչքան մեծ սեր ա դնում, որ իրենք էդպիսի վատ վերաբերմունք տեսնելով շարունակում են սիրել սեփական ծնողներին, քանի որ ճիշտն ասած էդ տեսակ ծնողը հե՛չ սիրելու բան չի։

Ես առհասարակ դեմ եմ դաստիարակությանը, որպես գործողություն։ Եվ դեմ եմ, ոչ թե որովհետև ինձ դնում եմ «Զարգացած եվրոպացու» տեղ, այլ որովհետև ծանոթ եմ մի պարզ ճշմարտության, որը հետևյալն է — Երեխաները ծնված օրվանից զբաղված են երեք բանով 1. Ինֆորմացիա ստանալ (լսել, նայել, շոշափել, համտեսել, հոտոտել), 2. Ընկալել էդ ստացած ինֆորմացիան, 3. Կրկնօրինակել ընկալածը։ Վերջ։ Եթե էսքանը գիտես, էլ ի՞նչ «Դաստիարակություն», էլի ի՞նչ քարոզ, էլ ի՞նչ արգելքներ։ Կամ լավ, եթե էդ պարզ ճշմարտությունը նույնիսկ չգիտես էլ, ենթադրենք՝ չգիտես, բա մարդ ես, մանավանդ մինչև 4-5 տարեկան երեխայիդ վրա ի՞նչ ես գոռում, ինչու՞ ես գոռում, ի՞նչ խղճով ես գոռում։

Գրագետ ծնողը գիտի, որ մանկահասակ երեխայի համար «չի կարելի» չկա, իր համար ամեն ինչ կարելի է (Արա Աթայանին հարցրեք, կմանրամասնի)։ Այսինքն չես ուզու՞մ, որ երեխադ ձեռը արդուկով վառի, ուրեմն իր տեսադաշտում պիտի արդուկ չլինի, էն էլ՝ միացրած։ Չես ուզու՞մ, որ աղմուկ անի, ուրեմն իրան հասնելի աղմկոտ բաներ պիտի չլինեն։ Չես ուզու՞մ ափսեն քցի-ջարդի, ուրեմն հեռու դիր։

Եթե տեխնիկապես հնարավոր չի սահմանափակել, գոնե էնքան տակտի զգացում ունեցի, որ մի գոռա էրեխուդ վրա։ Հաշտվի էն մտքի հետ, որ եթե ի վիճակի չես երեխայի համար ապահովել պայման, որտեղ նյարդայնացնող բաները տեսադաշտից դուրս լինեն, ուրեմն պիտի աղմկի էլ, ջարդի էլ, թափի էլ, քանդի էլ։ Եթե էդքան բանը չգիտես, դա քո պրոբլեմն ա, ոչ թե քո երեխայի։ Սա ասելու համար պետք չի լինել հոգեբանության դոկտոր։ Բանական մարդ լինելը հերիք ա։

Երեխաների դաստիարակության լավագույն, իսկ ես կասեի՝ միակ մեթոդը ինքդ քեզ դաստիարակելն է։ Ուրիշ ձև չկա։ Ուզում ե՞ս երեխադ քեզ հարգի՝ ինքդ հարգիր երեխայիդ։ Ուզում ե՞ս կարդացող լինի՝ ինքդ կարդա։ Ուզում ե՞ս երեխադ քեզ չխաբի, ուրեմն մի խաբի իրեն։

Ուզում ե՞ս, որ երեխադ ինչ-որ նուրբ թեմայի պատճառով քեզանից ամաչելու դեպքում ոչ թե փողոցի խուժանի մեջ փնտրի պատասխանը, այլ ինքն իր մեջ ուժ գտնի և քեզ պատմի խնդիրը, ուրեմն երբ դու ինքդ ինչ-որ թեմայով ամաչում ես՝ քո մեջ ուժ գտի և խոսի երեխայիդ հետ, ասա՛, որ ամաչում էիր, բայց քո մեջ ուժ գտար և խոսեցիր (Հեռու չգնանք, հենց թեկուզ «Երեխաները որտեղից են գալիս» հարցի դեպքում)։

 

Ուզում ե՞ս երեխադ չծխի՝ ուրեմն ինքդ թարգի ծխելը։ Ուզու՞մ ես քեզնից թաքուն էլ չծխի, ուրեմն իրենից թաքուն էլ մի ծխի։ Էրեխուդ կանգնի-ասա. «Նայի, բալես ես էնքան դուխով տղա եմ, որ ծխելը թարգեցի հերիք չի, գործի տեղն էլ էսքան վախտ ո՛չ մի անգամ քեզնից թաքուն չեմ ծխել»։ Տենց են կանխում երեխայի ծխելը, ոչ թե էշավարի առավոտից-իրիկուն մանկահասակ երեխեքիդ մոտ օրը 50 պաչկա ծխես, հետո էլ ասես. «Քեզ ծխելուց տեսել եմ՝ ձեռիցս չես պրծնի»։ Եթե դու էդպես էս վարվում, ուրեմն դու տուզիկ ծնող ես։

Դաստիարակությունը ոչ թե գործողություն ա, այլ կենսակերպ։ Մի հատ լավ օրինակը հազար հատ խրատ արժե։ Ես չեմ ասում, որ իմ նկարագրած ձևով վարվելու դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն։ Բայց որ երեխաներին նորմալ վերաբերվելով շատ խնդիրներ կկանխվեն՝ դա հաստատ»։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո