Երեկ «Հետքը» մի նյութ է հրապարակել, որում հոդվածագիրը պնդում է, թե…

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ «Հետքը» մի նյութ է հրապարակել, որում հոդվածագիրը պնդում է, թե նախարար Թորոսյանի՝ նախօրեին հրապարակած գրաֆիկը «ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում»։

Նյութի հետագա շարադրանքը պարզ է դարձնում, որ դրա հեղինակը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը՝ դեպքերի աճը շփոթելով աճի տեմպի հետ։ Դեպքերը, այո, աճում են, բայց աճի տեմպը՝ նվազում։ Հենց սա է նշանակում՝ կոտրել աճը։

Բանաձև, մեթոդաբանություն, գրաֆիկ… տպավորություն է, թե խոսքն ինչ-որ մի բարդ բանի մասին է, և եթե ճիշտ բանաձևն ու մեթոդաբանությունը չիմանաս՝ չես հասկանա։

Առանց ավելորդ տերմինաբանության ու վախեցնող բառերի, նայենք Հայաստանի օրինակը։ Մարտի 1-ին արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը։

Մարտի 11-ին արձանագրվել է ևս 3 դեպք, այսինքն՝ մինչ այդ եղած դեպքերի (մեկ) համեմատ աճը (երեք) կազմել է 300%:

Մարտի 12-ին արձանագրվել է ևս երկու դեպք, այսինքն՝ 4-ից դեպքերի թիվը դարձել է 6, այլ կերպ ասած՝ դեպքերն աճել են 50%-ով, այսինքն՝ աճը պակասել է 6 անգամ՝ 300%-ից նվազելով 50%-ի։ Եթե գրաֆիկի վրա պատկերելու լինենք՝ սրընթաց անկում կերևա՝ 300-ից՝ 50:

Երբ 1-ը դառնում է 4, նշանակում է՝ աճել է 300%-ով, երբ 100-ը դառնում է 150, նշանակում է՝ աճել է 50%-ով։ Ահա, այսքան հասարակ է ամեն ինչ։ Նախարարի հրապարակած գրաֆիկը պատկերում է աճի տեմպը, և այո, աճի տեմպը կոտրված է Հայաստանում։

«Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում» է համաճարակի կորը»,- պնդում է «Հետքի» հեղինակը՝ հենց ինքը դառնալով հանրությանը «խաբկանքի ենթարկող», որովհետև ակնհայտորեն չի հասկանում աճի և աճի տեմպի միջև տարբերությունը, դրանց միջև կապը։

Այս մասին է վկայում նաև այն, որ բռնել աճի տեմպը պատկերող գրաֆիկը դրել է օրական աճերը պատկերող ֆոնին, որ «ապացուցի», որ խաբում են։ Արդյունքում սխալ եզրակացության է եկել նաև Իտալիայի մասով (սրան ներքևում կանդրադառնամ)։

Իսկ ինչո՞ւ է կարևոր աճի տեմպը բացարձակ թվերի համեմատ, չէ՞ որ երբ 1-ից 4 է դառնում, նշանակում է՝ դեպքերն աճել են ընդամենը 3-ով, իսկ երբ 100-ը 150 է դառնում՝ ամբողջ 50-ով։

Որովհետև կոտրել աճի տեմպը, նշանակում է ճկել վարակակիրների կորը։ Այդ ճկումն է, որ շեղում է կորը սկզբնական էքսպոնենցիալ ընթացքից ու ի վերջո թեքում ներքև, հարթեցնում։

Հոդվածագիրը փորձում է համոզել, թե մեզ խաբում են՝ ասելով, թե 50-ը փոքր է 3-ից։ 50-ը 3-ից փոքր չէ, իհարկե, բայց առավել կարևոր է, թե ինչ կար մինչև 50-ը և ինչ կար մինչև 3-ը։

Եթե 300%-անոց աճը չկոտրվեր, կնշանակեր, որ 4-ը հաջորդ օրը դառնում է 16, այս 16-ը մյուս օրը դառնում է 64, 64-ը՝ 256, 256-ը՝ 1024 և այդպես շարունակ։

Աճի տեմպի կոտրման արդյունքում է, որ այդպես չի եղել, որովհետև ամեն հաջորդ օր ավելի քիչ տոկոսով է եղել աճը, քան նախորդ օրը (չհաշված որոշ տատանումներ, որոնք բնական են և չեն փոխել դինամիկան)։

«Եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել»,- գրում է «Հետքի» հոդվածագիրը։

Այստեղ իսկական «անկանկալ» կարող ենք հայտնել. Իտալիայում, մարտի 21-ից աճի տեմպը կոտրվում է, այսինքն՝ կորը ճկվել է, Իտալիան մոտեցել է պիկին, և թեև օրական հազարավոր նոր դեպքեր են շարունակում գրանցվել, դրանք արդեն իսկ եղածի ավելի ու ավելի քիչ տոկոսն են կազմում, ինչի արդյունքում շուտով վարակակիրների թիվը կսկսի նվազել (որովհետև ապաքինվածներ + մահեր թիվն ավելի մեծ կլինի արձանագրվող դեպքերի թվից), թեև օրական կշարունակվեն հարյուրավոր, հազարավոր դեպքեր գրանցվել։

Ի դեպ, այսօր Հայաստանում առաջին անգամ վարակակիրների թիվը նվազել է։

Թեև արձանագրվել է 20 նոր դեպք, ինչն ավելին է, քան երեկվա 11-ը, բայց դուրս է գրվել 25-ը, ինչի արդյունքում 5-ով նվազել է վարակակիրների թիվը։

Եթե առաջիկա օրերին աճի տեմպը հաջողվի պահել այն շրջանակում, ինչ վերջին օրերին, ապա կարելի է ասել, որ վարակակիրների թվով պիկը Հայաստանում երեկ էր, և հարթեցման ենթակա կորն արդեն իջնում է ներքև։

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 3.4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո