ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է․ ՊՆ

ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։

Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։

Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։

Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։

Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո