Ինձ մնում է, պարոն Վարչապետ, Ձեզ և մեր ժողովրդին զգոնություն ու համբերություն մաղթել․ Վիրտուալ ճեպազրույց ՀՀ վարչապետի հետ

ՎԻՐՏՈՒԱԼ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

ԱԼԻՍ.-Ձեզ հետ, սիրելի Վարչապետ, վիրտուալ զրուցելու ցանկությունս առաջացավ մի քանի պատճառներով:

Նախ այն բանից հետո, երբ այս համաճարակի պատճառով շարունակ ժողովրդի հետ եք, նրան ամենօրյա ինֆորամացիա տալուց սկսած մինչև ժողովրդի հետ Կառավարության ընթացիկ ու առաջիկա քայլերի շուրջ խորհրդակցելը:

Եվ նաև այն բանից հետո, երբ անցյալ իշխանավորների կամակատարները, որոնց շեֆերը երբևէ ժողովրդի հետ բաց խոսակցություն չեն վարել, հիմա կապտում, գունափոխվում են իրենց ներքին բացասական էմոցիաների պատճառով, թե այս ինչպե՞ս է, որ Փաշինյանն այսքան ժովրդականություն է վայելում:

Նրանց մեջ այնքա՜ն շատ է այդ բացասական էմոցիան ու այդ թույնը, որ անգամ ծածուկ փորձում են ուրախանալ, թե այս ճգնաժամից կառավարությունը տապալվելու է:

Մեկը, օրինակ հրայր թովմասյանը, որն ի պաշտոնե իրավունք էլ չունի քաղաքական հայտարարություն անել, ասում է, թե կառավարությունն ի վիճակի չէ դուրս գալու այս ճգնաժամից:

Դրանք, ինչ խոսք, դիտվում են որպես սովորական հերյուրանքներ, և Փառք Տիրոջը, որ, այլ երկրներում տիրող նույն ճգնաժամի համեմատ, Հայաստանում առավել կայուն է իրավիճակը, և դա շնորհիվ Կառավարության ճկուն ու խոհեմ քայլերի:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Մի՛ շտապեք այդքան գովել. սպասենք մեր վերջնական հաղթանակին, երբ վերջնականապես կհաղթահարենք այս ճգնաժամը: Մեր տնտեսությունը կայուն պահելու համար կառավարությունն առաջիկայում առնվազն 150 միլիարդ դրամ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:

ԱԼԻՍ.-Իհարկե վստահությունը մեծ է: Այս ընթացքում քննարկում եք հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Այո, այս ընթացքում անգամ պետք է իրագործենք զարգացման ծրագրեր, այս ընթացքում ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք: Եվ իհարկե պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը:

Հասկանալի է, որ ճգնաժամը սոցիալական որոշակի մարտահրավերներ ի հայտ բերեց, և մենք պիտի առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք: Շատ կարևոր է, որ սոցիալական այդ ծրագրերը լինեն արդյունավետ, հասցեական, լինեն արդար:

ԱԼԻՍ.-Երբ Ազգային ժողովի քննարկման ժամանակ որոշ ընդդիմադիրներ, իբր, մտահոգված էին տնտեսվարող սուբյեկտների ճակատագրով, լավ կլիներ, որ միջոցներ հուշեին ճգնաժամի պայմաններում Կառավարության անելիքների առումով և չփորձեին Հռոմի պապից ավելի Պապ ձևանալ:

ՎԱՐՉԱՊԵՏ.- Պետք չէ խորանալ, մենք արդեն լավ գիտենք, որ նրանք վատ են զգում մեր աշխատանքներից ու ինչ-որ մի բան պիտի ասեն՝ որպես մխիթարանք իրենց այսօրվա վիճակին:
Հիշենք նախկինում ճգնաժամային իրավիճակներում կատարված ծրագրերը…

Այն ժամանակ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին ընդամենը մի քանի տեղերում, և սոցիալական աջակցությունների ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում:

ԱԼԻՍ.-Հիմա, այս առումով, ես պիտի զարմանքս կրկին հայտնեմ, թե ինչպես եք հասցնում այդչափ խորացած մնալ այս խնդրի մեջ: Եվ թե այդ ի՜նչ գերմարդկային աշխատաոճ է, որից հոգնություն չունեք:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Պարզապես պարտավոր եմ. ժողովուրդը վստահեց այս Կառավարությանը, և իր այդ վստահության մեջ նաև մեծ պահանջ և պատասխանատվություն կա: Այս փուլում ես կարող եմ արձանագրել,

-որ բիզնեսին հրատապ աջակցություն ցուցաբերելու փաթեթի գործարկումով մոտավորապես 25 միլիարդ դրամ ենք հատկացնում,

-որ ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ ունենք պատրաստ, որն օգտագործվելու է ըստ անհրաժեշտության,

-որ 80 միլիարդ դրամի հիմնադրամ է գործում, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանն ու կարգաբերմանը՝ ետճգնաժամային պարամետրերին համապատասխան:
ԱԼԻՍ.-Շուկայում սպառման անկանոն վիճակը թելադրվեց ճգնաժամով:

Դրա առաջն առնելու ի՞նչ եղանակներ մշակվեցին: Ի դեպ, ասեմ, որ համեմատած շատ զարգացած արտերկրների, Հայաստանում այդ վիճակն ավելի կայուն է:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Բիզնեսի աջակցության ծրագրի առաջին փաթեթը դարձյալ ժողովրդի և բիզնեսմենների հետ հանրային քննարկման է դրվում: Ֆինանսական բարձիկների փափեթ ձևավորեցինք՝ զսպելու սպառման վտանգը, տնտեսվարողներին հնարավորություն տալով, որ այդ բարձիկներն օգտագործելով, ճգնաժամային պայմաններն անցնեն առանց էական վնասների կամ կորուստների:

Ձևավորեցինք վարկային պրոտուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի ֆինանսավորում և տոկոսների սուբսիտավորում:

Պոտենցյալ վարկառուների խնդիրներն ենք հաշվի առել այս իրավիճակում: Այդ խնդիրերը լուծվում են համաֆինանսավորումով, վերաֆինանսավորումով և տոկոսների սուբսիտավորումով: Բարեխիղճ տնտեսավորողներին հնարավորություն է տրվում պահպանել վիճակն ու նաև մտածել բիզնեսի զարգացման մասին:

ԱԼԻՍ.-Բիզնեսի որոշ ոլորտներ, այսուհանդերձ, հավանաբար կունենան տնտեսական և ֆինանսական որոշ բարդություններ:
ՎԱՐՉԱՊԵՏ.-Անշուշտ: Եվ դրա համար մենք առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է. 50 տոկոս ֆինանսավորմամբ իրականացնում են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը:

Կառավարության տված ֆինանսավորումը անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիտավորում է Կառավարությունը:

ԱԼԻՍ.-Փաստորեն Դուք այս նախագիծն էլ եք դնում հանրային քննարկման, նպատակը ո՞րն է:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Խոսենք ժողովրդի հետ, հանրային քննարկումներով փորձենք ավելի լավացնել այս փաթեթը և արդեն, որպես կառավարության որոշում, հաստատենք:
ԱԼԻՍ.-Նախորդ իշխանությունն էլ էր, չէ՞, այդպես ժողովրդի հետ քննարկում, թե ինչը ինչպես անել:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Հասկացա Ձեր հումորը: Նախորդ կառավարությունն ընդհանրապես ժողովրդի հետ խոսո՞ւմ էր, կառավարության նիստերը բա՞ց էին, ամեն ծրագիր բաց քննարկմա՞ն էր դրվում:

ԱԼԻՍ.-Իհարկե ոչ: Եվ նրանց նման գործելակերպի արդյունքում էին կատարվում կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք հիմա նոր-նոր բացվում են, և պարզվում է, որ դրանցից օգտվողները հեղափոխությունից հետո անմիջապես լքել են Հայաստանը:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Այդ փախչողների նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվում է կալանավորումը։

ԱԼԻՍ.-Ինձ զարմացնում է նաև մեկ այլ հանգամանք-նախորդ իշխանության մնացուկները, դրանց փողերով ձևավորված որոշ լրատվամիջոցներ շարունակում են իրենց թույնը թափել ներկա իշխանությունների հասցեին՝ մոռանալով, որ երկրում համընդհանուր աղետ է:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Ես այդ երևույթին արդեն հանգիստ եմ վերաբերում, որովհետև նկատելի է, որ իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատություններն այնքան անհիմն ու անլուրջ են, որ հակառակ էֆեկտ են տալիս. ժողովուրդն արդեն սովոր է դրան և դրա արդյունքում ավելի է համախմբվում կառավարության շուրջը:

ԱԼԻՍ.-Նրանք անգամ գրում են, թե արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք մեծ կարողություններ ունեն, չեն ուզում ներկա իշխանությանը սատարել:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Դա էլ հակառակ էֆեկտ տվեց. այս օրերին, երբ կորոնավիրուսի ճգնաժամը պատել է նաև մեզ, մեծահարուստ հայ շատ գործարարներ արտերկրից իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել երկրին: Նրանք իրենց այդ ազնիվ մղումով ո՛չ թե իշխանությանն են աջակցում, այլ երկրին, իրենց հայրենիքին:

ԱԼԻՍ.-Ինձ մնում է, պարոն Վարչապետ, Ձեզ և մեր ժողովրդին զգոնություն ու համբերություն մաղթել:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Շնորհակալ եմ: Մեր ժողովուրդը շատ աղետներ է տեսել, չթավարկեմ, Դուք էլ լավ գիտեք, և տոկացել, համբերությամբ դուրս է եկել այդ վիճակից: Սա էլ կանցնի, անշուշտ, և մենք բնականոն հունով կշարունակենք երկիրը բարելավելու մեր առաքելությունը:

ԱԼԻՍ.-Փոխադարձ է Ձեր և ժողովրդի համակրանքը: Դուք նույնիսկ կարող եք կառավարության նիստում առաջարկել ծափահարել մեր ժողովրդին, որ զգոն է ու համբերությամբ տանում է այս համընդհանուր դժվարությունը:

ՎԱՐՉԱՊԵՏ.-Առանց ժողովրդի վստահության և աջակցության, մենք ոչ մի բան չենք կարող անել: Ես ուրախ եմ մեր իշխանության հանդեպ ժողովրդի հավատի ու վստահության համար: Իսկ մեզ մնում է արդարացնել ժողովրդի այդ վստահությունը:

ԱԼԻՍ.-Հաջողություն Ձեզ, հետևաբար՝ մեզ բոլորիս:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 10 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո