Ով շահեց ստորագրված փաստաթղթի հետևանքով․ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի պարզաբանումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

– Պարոն Ղևոնդյան, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի շուրջ այս օրերին տարբեր գնահատականներ են հնչում։ Եթե կա կարծիք, որ սրանով Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում, կա նաև հակառակ կարծիքը՝ առ այն, որ այս մեծ խաղում Ռուսաստանը պարտվեց Թուրքիային։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Ավելի շուտ՝ Ռուսաստանն ապահովեց իր համար Ադրբեջանի ներկայությունը, քանի որ Արցախի հարցում ներկայիս լուծումները ամբողջապես Ադրբեջանի օգտին են, ստացվում է, որ Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանը կարողացավ բավականին մեծ հարց լուծել Արցախում։ Այսպիսով կարելի է նշել, որ Ադրբեջանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան ավելի ամրապնդվեց։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև տարիներ շարունակ Ադրբեջանն ամբողջ աշխարհին հայտարարում էր, որ պատրաստ է մասնակցել ցանկացած նախագծի, ալյանսի ու աշխարհաքաղաքական խաղի բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրեն օգնել, որ Արցախի հարցում հաջողություններ ունենա։ Ստացվում է այնպիսի պատկեր, որ Ռուսաստանն է օգնել Արցախի հարցում հաջողություններ ունենալ, ու ես չեմ զարմանա, որ մոտ ապագայում Ադրբեջանը համաձայնություն հայտնի ու ընդգրկվի ռուսական տարածաշրջանային նախագծերում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում։

– Բայց դրան դեմ կլինի այդ կառույցների անդամ Հայաստանը։

– Մենք տեսանք, որ Հայաստանը իրականում ոչինչ էլ չի կարող անել ներկա պահին։ Այն որոշումները, որ կայացնում է Հայաստանը, բավականին մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից։ Եթե Ռուսաստանում որոշում կայացվի Ադրբեջանին ընդգրկել այդ նախագծերում, ամենայն հավանականությամբ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի։

– Կարո՞ղ ենք ասել, որ այս տարածաշրջանը հանձնվեց Թուրքիայի իշխանությանը։

– Ո՛չ, ես համաձայն չեմ։ Իհարկե, Թուրքիան որոշակի մասնակցություն ունի տարածաշրջանում՝ ինչպես նախկինում, գուցե հիմա որոշակիորեն ավելի մեծ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նոր քաղաքական խաղն ենք տեսնում։ Բայց այս գործընթացում ավելի շատ Ռուսաստանի դերակատարությունն է մեծանում տարածաշրջանում, քան Թուրքիայինը, եթե գտնում ենք, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը հիմնված է Ալեքսանդր Դուգինի աշխարհաքաղաքական պատկերացումների վրա, ինչը չի թաքցնում ներկայիս իշխանությունը, իսկ այդ պատկերացումները հետևում են ռուս մտածող Գումիլյովից։ Իսկ Գումիլյովը, այնուհետև Ալեքսանդր Դուգինը նշում են, որ Եվրասիական տարածությունում ռուսական ու թուրքական շահերը համընկնում են, և այդ տարածությունը պետք է հակադրվի արևմտյան էքսպանսիային, ինչը նշանակում է, որ ռուսական ու թուրքական ազդեցությունները ներկա Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առումով համընկնում են։ Եվ նշանակություն չունի, թե որ մեկն ավելի մեծ ազդեցություն ունի, քանի որ նրանք միասնաբար են փորձում դիմակայել արևմտյան տերություններին։

– Ստացվում է մի պատկեր, երբ Հայաստանը հերթական անգամ զոհ գնաց ռուս-թուրքական պայմանավորվածություններին։

– Իհարկե, նման պատկեր է ստացվում։ Դա առաջին հերթին և ամբողջապես Հայաստանի մեղքն է։ Եթե Հայաստանը կարողանար ճիշտ կառուցել իր թե՛ դիվանագիտական աշխատանքը և թե՛ աշխարհաքաղաքական խաղում իր տեղն ու դերը և ամբողջապես չփորձեր միավեկտոր քաղաքականություն վարել, եթե Հայաստանում թալանի ու կոռուպցիայի դրսևորումների փոխարեն փորձ արվեր 1994 թվականից հետո ձևավորված իրականությունում ստեղծել ամրոց-պետություն ու ամեն ինչ ուղղվեր երկիր հզորացնելուն ու ամեն առումով փորձ արվեր Հայաստանը Իսրայելի նմանությամբ ամուր պետություն դարձնել, տարածաշրջանում գործոն դառնալ, ապա ոչ ոք Հայաստանի շահերը կուլ չէր տա իր շահերի համար։

– Բայց այնպես չէ, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի մեղքով եղավ։ Պարզապես ստացվեց այնպես, որ ստորագրողը եղավ Նիկոլ Փաշինյանը։

– Իհարկե։ Այնպես չէ, որ մեղքն ամբողջապես Նիկոլ Փաշինյանինն է։ Հաստատապես Նիկոլ Փաշինյանը մեղք ունի, կարող էր չստորագրել, կային բազմաթիվ այլ լուծումներ՝ ընդհուպ իր հրաժարականն ու նույնիսկ ավելի կտրուկ լուծումներ՝ միջազգային շանտաժ և այլն։ Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանի մեղքը մեծ է, այն միակը չէ, քանի որ տարիներ շարունակ Հայաստանը հզորացնելու փոխարեն մենք զբաղված ենք եղել մի կողմից՝ թալանելով, մյուս կողմից՝ համաշխարհային քաղաքական գործընթացներում այլ երկրների շահեր սպասարկելով՝ շատ դեպքերում մեր պետության հաշվին։ Այսպիսի իրավիճակում ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, եթե ընտրությունը լիներ այսպիսին՝ հնարավոր է կատարեր այդ ընտրությունը։ Ես չեմ արդարացնում այս ընտրությունը, կային այլ տարբերակներ, ու սա վատագույն ընտրությունն էր, որ կատարվեց։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո