Պարգևավճարների թեման էսօր կրկին «թարմացվեց», ու կրկին սուտ. դժվար է բառեր գտնել, երբ բարոյականությունից խոսում են մարդիկ, որոնք անխնա ու անպատիժ գողացել են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարգևավճարների թեման էսօր կրկին «թարմացվեց», ու կրկին սուտ։

Ուրեմն, ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստացել։ Ու չեն ստանալու։

Պատգամավորների պարգևավճարները փոխանցվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Արդեն իմունիտետ է ձևավորվել էս թեմայով մանիպուլյացիաների նկատմամբ։

Բայց երբ էս թեմայով բարոյախրատական քարոզներ են կարդում մարդիկ, որոնք նախկինում տարիներ շարունակ միայն պետական պաշտոն զբաղեցրած լինելով՝ «չգիտես ոնց» միլիոնավոր դոլարների ունեցվածք (փող, անշարժ գույքեր, բիզնեսներ) են դիզել, մի տեսակ… ոնց ասեմ, որ կոպիտ չլինի…

Համաձայնեք, դժվար է բառեր գտնել, երբ բարոյականությունից խոսում են մարդիկ, որոնք անխնա ու անպատիժ գողացել են։

Գողացել են իր ընտանիքը հազիվ պահող արհեստավորից, թոշակը ուտելիքին հազիվ բավականացնող թոշակառուից, գողացել են զինվորից, երեխայից, ուսուցչից, գործարարից… Բոլորից։

Մարդիկ, որոնք իրենց լափածով բիզնեսներ են ձեռք բերել, բայց գող մկան հոգեբանությամբ չեն դադարել քերել ամեն հնարավոր տեղից՝ ծառայողական մեքենաների բենզինից մինչև ատկատներ ու կաշառքներ։

Որոնք էնքան չտես ու վնասարար են եղել, որ, ասենք, վայբերների ու վաթսափների էս ժամանակաշրջանում տարեկան մի քանի միլիոն դրամի հեռախոսային վճար են թողել բյուջեի վրա։

 

Որոնց ամեն «պերերիվի» փողով մի ընտանիք մեկ ամիս կապրեր։

Ու այս ամենը արել են ժողովրդի համատարած աղքատության, շարունակական արտագաղթի ու գործազրկության պայմաններում։

Դե ասեք, ո՞նց արձագանքել, որ չասեն՝ պատգամավորին հարիր չէ։
Երևի ճիշտը ոչինչ չասելն է։

Այնպես որ, շարունակեք մեր գլխին խրատ կարդալ, ոչինչ, կդիմանանք։ Հարմար տեղավորվեք ու ժպիտով կարդացեք ձեր «վաստակած» միլիոններից վարձատրվող ստատուսչիների ու «վերլուծաբանների» հերյուրանքները այսօրվա իշխանությունների մասին։

 

Միգուցե դա ձեզ օգնում է մոռանալ, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։

Ուրախացեք, որ երկիրը դժվարությունների միջով է անցնում։ Միգուցե դա ձեզ հույսեր է ներշնչում… Զուտ մարդկայնորեն հասկանում եմ ձեզ։

Մի խոսքով, առողջ եղեք։

Կարևորը տանից դուրս մի եկեք այս օրերին, հանկարծ չվարակվեք։

Ձեռքերը հաճախակի լվացեք օճառով կամ ախտահանեք։ Վստահ չեմ, որ ձեր ձեռքերի դեպքում դա կօգնի, բայց դե վնաս էլ չի տա։

Դիմակ կրեք։ Ավելի ճիշտ՝ մի հանեք դիմակները»։

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո