Դպրոցի տնօրենը Վիլյամ Սարոյանին ասաց միայն հայը կարող է նման հարց տալ

ՄԻԱՅՆ ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ՆՄԱՆ ՀԱՐՑ ՏԱԼ Վիլյամ Սարոյան

Հին աշխարհի պատմության դասին էր, որ ես առաջին անգամ ապշահար արեցի համադասարանցիներիս՝ հասկացնելով, թե իրենց առջև հիրավի յուրօրինակ մտքի տեր մի անձնավորություն է:

Այնպես ստացվեց, որ դա դպրոցական պարապմունքի առաջին օրվա առաջին դասն էր:
Հենց որ հին աշխարհի պատմության դասագրքերը բաժանեցին մեզ, միսս Շենսթոունը պատվիրեց առաջին դասի համար բաց անել 192- րդ էջը:

Ես ասացի, որ ավելի ճիշտ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը:
Նա տեղնուտեղը հարցրեց անուն — ազգանունս, և ես ամենայն ուրախությամբ ու անկեղծ սրտով խոստովանեցի.
— Վիլյամ Սարոյան:

— Ուրեմն այսպես, Վիլյամ Սարոյան, — վրա բերեց միսս Շենսթոունը,- ես կասեի՝ մի´ստր Վիլյամ Սարոյան, փակեք ձեր բերանը և ինձ հնարավորություն տվեք հին աշխարհի պատմություն դասավանդել աշակերտներին:

Լա´վ շշպռտեց:
192 — րդ էջում, այսօրվա պես հիշում եմ, պատկերված էր երկու քարաբեկոր, որոնք միսս Շենսթոունի ասելով կոչվում էին Սթոունհենջ: Նա ավելացրեց, որ այդ քարաբեկորները քսան հազար տարվա հնություն ունեն:

Հենց այդ պահին էլ ծնվեց մտածողության ու վարքագծի ուսումնական նոր համակարգս:
— Ի՞նչ գիտեք, — հարցրի ես:
Սա մի հանդուգն հարված էր ուսումնառության հին համակարգին, որի համաձայն հարց տվողը ուսուցիչն է, իսկ աշակերտը ճգնում է միայն պատասխանել:

Ամբողջ դասարանը շտապեց իր հավանությունը տալ ուսումնական նոր համակարգին: Խանդավառ բացականչությունների փոթորիկ բարձրացավ: Թե ինչ էր կատարվում, կարելի է լոկ «ցույց» բառով բնորոշել:

Ես ստիպված էի բացատրություն տալ տնօրենին:
— Կրկնիր անունդ, խնդրեմ, — ասաց միստր Մոնսունը:
— Վիլյամ Սարոյան,- ասացի հնարավորին չափ հլու — հնազանդ, թեև պիտի խոստովանեմ, դա այնքան էլ հեշտ չէր:

— Դու…- ուզեց ասել միստր Մոնսունը:
— Տասնմեկ տարեկան եմ,- ասացի:
— Ոչ, դա չեմ հարցնում…
— Քաշս քառասունյոթ կիլո է:
— Ոչ, ոչ…
— Երիցական եմ:
— Ես ազգանվանդ շուրջն եմ մտորում:
— Ասում են իբր «խարտյաշ» է նշանակում:
— Ազգությո՞ւնդ,-ասաց միստր Մոնսունը:
— Հայ եմ,- հպարտությամբ վրա բերի ես:
— Այդպես էլ կարծում էի,- ասաց տնօրենը:-Միայն հայը կարող է նման հարց տալ:
— Ի՞նչ գիտեք,- ասացի՝ կրկին գործի դնելով ուսումնական նոր համակարգը:
— Այս բոլոր տարիների ընթացքում, ինչ աշխատում եմ Կալիֆորնիայի նահանգի պետական դպրոցների ցանցում,-ասաց միստր Մոնսունը,- ոչ ոք երբևէ նման հարց չի տվել:

(«Ի քավություն ընկերներիս մեղքի», թարգմ. Զ.Բոյաջյան)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո