Թուրքիայում ապրող 16-ամյա Դավիթը արդեն հինգ տարի դպրոց չի հաճախում. ահա թե որն է պատճառը

Թուրքիայում ապրող 16-ամյա Դավիթը 5 տարի առաջ շատերի պես աշակերտ էր․ ամեն օր առավոտյան մայրիկի ձեռքը բռնած՝ բարձրաձայն դասերը կրկնելով ուրախ-զվարթ շտապում էր Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոց։ Շտապում էր, որովհետև սիրում էր սովորել, սիրում էր դպրոցն ու ընկերներին, սիրում էր ընկերների հետ իր մանկական չարաճճիությունները։ Բայց շուտով ստիպված էր թողնել դպրոցն ու աշխատել: Դավիթն այսօր՝ համավարակի հետևանքով ամիսների դադարից հետո, նորից վերադարձավ աշխատանքի։

— Դավիթ, ինչո՞ւ ուսումդ կիսատ թողեցիր, չէ՞ որ դպրոցը շատ էիր սիրում։

— 6-րդ դասարանը դեռ չավարտած՝ իմ դպրոցական կյանքը ավարտվեց, և ես սկսեցի աշխատել։ Առավոտյան արդեն ոչ թե դպրոց, այլ աշխատանքի էի շտապում: Արդեն 5 տարի է աշխատում եմ Ստամբուլի «Փակ շուկայում» (Քափալըչարշը)՝ պոլսահայ ոսկերիչներ Դիքմե եղբայրների մոտ։ Աշխատելուն զուգահեռ սովորել եմ նաև ոսկերչություն։ Ես իմ կամքով չեմ դուրս եկել դպրոցից: Չկարողացա շարունակել ուսումս մայրիկիս առողջական խնդիրների պատճառով, որոնք գնալով ավելի խորացան։ Ես սկսեցի աշխատել, որպեսզի կարողանանք ապրել։ Միշտ էլ հիշում եմ դպրոցը, դպրոցի ընկերներիս հետ մինչ օրս էլ կապ ենք պահում համացանցի միջոցով։

Այսօր արդեն զբաղվում եմ ոսկերչությամբ, սիրում եմ ոսկերչությունը։ Աշխատանքի վայրում ինձ լավ են վերաբերվում։ Կորոնավիրուսի այս օրերին իմ տնօրենները ինձ շատ օգնեցին․ աշխատանքի չեմ գնացել, սակայն ինձ ամեն ամիս վճարել են։ Ստամբուլում ես սիրում եմ աշխատել, սակայն Հայաստանում ինձ ավելի ապահով եմ զգում՝ հարազատներով ու ջերմությամբ շրջապատված։ Երազում եմ մեծ ընտանիք ունենալ, որը երբեք չեմ տեսել, քանի որ միշտ ապրել եմ մայրիկիս հետ միայնակ։ Երազում եմ ապագայում ամուր ընտանիք կազմել և լավ հայր լինել երեխաներիս համար, ինչը ես երբեք չեմ տեսել։ Երազում եմ Հայաստանում ապրել, քանի որ Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են։

Դավիթի մայրը՝ տիկին Մարինեն, Թուրքիա արտագնա աշխատանքի է եկել 1997 թվականին՝ Հայաստանի համար դժվար տարիներին։ Սկզբնական շրջանում աշխատել է հույնի ընտանիքում, հետո նաև թուրքի (կատարել է տարբեր աշխատանքներ՝ դայակությունից մինչև ճաշ եփել, գնումներ կատարելուց մինչև մեծ մաքրություն)։

«Դավիթը մեկ տարեկան էր, երբ հայրը մեզ լքեց։ Այդ ընթացքում տղաս հիվանդացավ, և սկսվեց իմ դժվարությունների շրջանը։ Սկզբում մայրս մեզ հետ էր, սակայն երբ նա էլ գնաց, մնացինք երկուսով՝ ես և 3 տարեկան որդիս։ Փոքրիկիս գրկած գնում էի մաքրությունների․ ճանապարհին նա վատանում էր, անգամ չեմ էլ ուզում հիշել, թե ինչերի միջով եմ անցել։ Ես շատ էի աշխատում, որպեսզի կարողանայի նրա բուժման և դեղերի գումարը վաստակել, հետագայում նաև դպրոցի ծախսերը հոգալ։ Միշտ մտածում էի, որ ես ուժեղ եմ և այդ դժվարությունները կանցնեն։ Դպրոցում Դավիթը լավ էր սովորում, ես էլ էի նրան աջակցում դասերը սովորելու հարցում, միշտ հետևում էի, հավատում, որ մի օր Հայաստան կվերադառնանք ու ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, տարիներն աննկատ անցան և առողջական խնդիրներ ունեցա։ Այլևս չէի կարողանում առաջվա պես աշխատել, մինչդեռ տարրական կենցաղային ծախսեր ունեինք՝ տան վարձից մինչև օրվա հացը։

Հայաստանում էլ տուն չունեինք, որ վերադառնայինք։ Ես վստահ էի, որ Հայաստանում անկախ դժվարություններից՝ հարազատներով շրջապատված կլինեինք, Դավիթը մենակ չէր լինի։ Եվ վերջապես հայաստանցին չի կարող Թուրքիայում երջանիկ լինել, այստեղ մենք օտար ենք։ Ինչ էլ մտածեցինք, միևնույնն է, կյանքը ինձ և Դավիթին երկընտրանքի առաջ կանգնեցրեց․ Դավիթը թողեց ուսումը և սկսեց աշխատել, որպեսզի ինձ օգնի։ Ես այստեղ կորցրի առողջությունս։ Եթե առողջ լինեի, Դավիթն իր ընկերների պես կշարունակեր ուսումը։ Հույս ունեմ՝ մոտ ապագայում Դավիթի հետ Հայաստան տեղափոխվել և այնտեղ մեր կյանքը դասավորել։ Երանի թե կարողանայի օգնել Դավիթին, որ ուսումը շարունակեր․ նա երազում է արհեստավարժ ոսկերիչ դառնալ, իսկ մինչ այդ՝ պետք է ձեռք բերի վկայական։ Իմ տղան այստեղ բոլորովին միայնակ է, նա ընկերների, հարազատների կարիք ունի»,- հուզվելով պատմեց Դավիթի մայրը։

Հայաստանցի երեխաների մեծ մասը Ստամբուլում հաճախում է Գեդիկփաշա թաղամասում գտնվող Հրանտ Դինքի անվան դպրոց։ Կան երեխաներ, ովքեր կիսատ են թողել կրթությունը հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով՝ կա՛մ ընտանիքը չի կարողացել իրեն թույլ տալ երեխային դպրոց ուղարկել, կա՛մ ընտանքին օգնելու նպատակով երեխան ստիպված է աշխատել։ Երեխաների մյուս խումբն էլ հաճախում է Ստամբուլի հայկական վարժարաններ՝ իբրև «հյուր-աշակերտ», սակայն վարժարանն ավարտելուց հետո որևէ վկայական չի ստանում։

«2019 թվականին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույցը՝ Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ։

Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։ Ուսումնասիրության շրջանակներում նաև հարցումներ են իրականացվել։ Հարցումներում ներգրավված են եղել 8-11 տարեկան 102 և 12-18 տարեկան 58 երեխա։ Առաջին խմբի 73%-ը, իսկ երկրորդ խմբի 90%-ը նշել է, որ լավ կամ շատ լավ է հասկանում թուրքերեն։ 8-11 տարեկան երեխաների 75%-ը, 12-18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ Երկու տարիքային խմբի երեխաներն էլ հիմնականում բացի տնային գործերից ընտանիքին օգնելու նպատակով այլ տեղ էլ են աշխատում։ Ընդհանուր առմամբ նրանք հայտնել են, որ գոհ են կյանքի պայմաններից և իրենց անվտանգ են զգում։

Երեխաների համար կարևորագույն խնդիրներից է ուսումը։ Նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012 թվականին իրականացված փոփոխությունների շնորհիվ կարողանում են որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, սակայն պաշտոնապես գրանցված չեն այդ դպրոցներում և դիպլոմ չեն ստանում։

Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Տարբեր պնդումներ կան թվաքանակի վերաբերյալ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, ըստ զեկույցի, 15-20 հազարի սահմաններում է։

1990-ականներից սկիզբ առած արտագաղթի հետևանքով Թուրքիայում հաստատված հայաստանցիները որպես այդտեղ հաստատվելու հիմնական պատճառ նշել են Հայաստանում եղած գործազրկությունն ու աշխատանք գտնելու մտադրությունը։

Զեկույցում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը էլ ավելի է դժվարեցնում հայաստանցի միգրանտների առանց այն էլ բարդ կացությունը»,- հաղորդում է ermenihaber.am-ը։

«Վերջին տարիներին նման օրինակներ չունենք, թեև նախկինում եղել են աշակերտներ, ովքեր ուսումը կիսատ են թողել և անցել աշխատանքի։ Ասել, թե աշակերտի կրթությունը կիսատ թողնելու և աշխատանքի անցնելու պատճառը միայն ընտանիքի սոցիալական վատ վիճակն է, այդքան էլ համաձայն չեմ։ Մենք ունենք շատ անապահով ընտանիքներ, որոնց երեխաները մինչև վերջ կրթություն են ստանում։ Ուսման հաշվին աշխատել ցանկացող աշակերտին և ծնողին փորձում ենք բացատրել, որ անգամ վարորդական իրավունքի համար դպրոցի վկայական են պահանջելու։ Ցավոք սրտի, խնդիրը խորքային է, բազմաշերտ և հարց է առաջանում՝ երեխաներին ինչի՞ց կամ ումի՞ց պաշտպանել։ Անցյալ տարի մեր դպրոցն ավարտած աշակերտներից ոմանք Հայաստանում ստացան իրենց ավարտական վկայականները և հետ եկան Ստամբուլ՝ անցնելով աշխատանքի»,- ասաց Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը։

Հիշեցնենք, որ դպրոցը ստեղծվել է 2003 թվականին Ստամբուլում Հերիքնազ Ավագյանի կողմից՝ արտագաղթյալ հայաստանցի ընտանիքների երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը՝ ապահովելով օտարության մեջ գտնվող հայ երեխայի կրթություն ստանալու իրավունքը։

Հ․Գ․ Բաց նամակ աշխարհի երեխաներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորից (հատված). 23 սեպտեմբեր, 2019 թ.

«Ոչ մի երեխա չպետք է ստիպված լինի արտագաղթել իր տնից, սակայն իրավիճակը դժվար թե փոխվի մինչև դրա հիմնարար պատճառները չվերացվեն: Դա նշանակում է` լուծել համայնքային և տարատեսակ խմբավորումների կողմից գործադրվող բռնության հարցը, այնպես ամրապնդել պաշտպանության համակարգերը, որպեսզի երեխաները կարողանան ապահով լինել իրենց համայնքներում, բարելավել որակյալ կրթության և աշխատատեղի հասանելիությունը, ինչպես նաև՝ ապահովել, որ երիտասարդները հնարավորություն ունենան ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ` իրենց և իրենց հայրենիքների համար ավելի լավ և ավելի անվտանգ ապագա կառուցելու նպատակով»:

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Լուսանկարում՝ Դավիթը, երբ դպրոցական էր եւ երբ աշխատող պատանի է

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո