Իմաստունի ու աշակերտի զրույցը․ Կարևոր խրատ բոլորի համար

Աշակերտն իմաստունին ասաց.

— Դու այնքա՜ն իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր խնդրում եմ, որպեսզի ես էլ այդպիսին լինեմ:

Իմաստունը համաձայնեց և հանձնարարեց, որ աշակերտը կարտոֆիլ ու մի թափանցիկ տոպրակ բերի:

— Եթե բարկանաս ինչ որ մեկի վրա և վիրավորանքը չմոռանաս,- ասաց իմաստունը,- ապա մի կարտոֆիլ վերցրու, վրան գրիր այն մարդու անունն, ում հետ վիճել ես և տոպրակի մեջ դիր:

— Եվ վե՞րջ,- զարմացավ աշակերտը:

— Ո՛չ,- պատասխանեց իմաստունը,- այդ տոպրակը միշտ քեզ հետ պետք է լինի: Եվ ամեն անգամ, երբ վիրավորվես ինչ որ մեկից՝ մի կարտոֆիլ ևս ավելացրու դրա մեջ:

Աշակերտը համաձայնեց: Որոշ ժամանակ անց նրա տոպրակը լցվեց կարտոֆիլներով ու բավականին ծանրացավ: Մշտապես իր հետ տանելը շատ անհարմար դարձավ:

Բացի այդ, այն կարտոֆիլը, որ ամենասկզբում էր դրել՝ սկսեց փչանալ: Զզվելի, լպրծուն փառով պատվեց և սկսեց անտանելի գարշահոտ արձակել:

Աշակերտն իմաստունի մոտ եկավ ու ասաց.

— Այլևս անհնար է այս տոպրակն ինձ մոտ պահել: Նախ, այն չափազանց ծանր է, երկրորդ՝ կարտոֆիլը փչացել է: Որևէ այլ բան առաջարկիր:

Իմաստունը պատասխանեց.

— Նույնը քեզ հետ է տեղի ունենում, ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Արարքները դառնում են սովորություն, սովորությունները՝ բնավորություն, որն էլ գարշահոտ արատներ է ծնում:

Ես քեզ հնարավորություն տվեցի, որպեսզի այդ ընթացքին կողքից հետևես: Ամեն անգամ, երբ որոշես վիրավորվել կամ վիրավորել որևէ մեկին, մտածիր՝ արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո